Ռուսաստանից մեր երկիր ներմուծվող ապրանքների տեսականին առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 600 տեսակ: Սակայն ներմուծման առյուծի բաժինը (շուրջ երկու երրորդը՝ 65.7%) երկու ապրանքներինն է. նավթամթերքներ (18.1%) եւ բնական գազ (47.6%): Վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնող հացահատիկի տեսակարար կշիռը շատ ավելի փոքր է՝ «ընդամենը» 4.5%: Եզակի բացառությամբ՝ մյուս ապրանքների մասնաբաժինը 1%-ից էլ պակաս է եղել:

Ռուսաստանն աշխարհի մյուս երկրների շարքում մեր երկրի խոշորագույն գործընկերն է արտաքին առեւտրում: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ այդ երկրի մասնաբաժինը կազմում է մեկ հինգերորդը (հաշվետու կիսամյակում՝ 21.9%): Հենց նրան էլ բաժին է հասնում Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոյի ավելի քան մեկ քառորդը (հաշվետու կիսամյակում՝ ավելի քան 328 մլն դոլար): Նավթամթերքի եւ բնական գազի ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է շուրջ 346 մլն դոլար:

Եվ այսպես, Ռուսաստանի հետ արտաքին առեւտրաշրջանառության անհավասարակշռությունը հիմնականում պայմանավորված է էներգակիրների ներմուծմամբ: Դրան բավական նպաստում է Հայաստան ավտոմեքենաների զանգվածային ներմուծումը, որոնք աշխատում են ինչպես բենզինով եւ դիզելով, այնպես էլ խտացված բնական գազով: 2001 թվականից մինչեւ հաշվետու կիսամյակ մեր երկիր շուրջ 338 հազար ավտոմեքենա է ներմուծվել: Դրանց զգալի մասը խտացված է գազ է օգտագործում: 

Ռուսական գազի մաքսային գինն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել է մինչեւ 189.8 դոլար՝ 1.000 խ.մ.-ի դիմաց: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ առաջին եռամսյակում, այդ ցուցանիշը կազմում է 220.8 դոլար:

«Գազպրոմ Հայաստան»-ի շարքային բաժանորդների համար սակագնի բարձրացումը մաքսային գնի համեմատ կազմել է 1.7 անգամ՝ առանց ԱԱՀ-ի, իսկ ԱԱՀ-ով՝ գրեթե 2.0 անգամ: Այսինքն՝ մաքսային սահմանն անցնելուց հետո բնական գազի գինը կրկնապատկվել է: