Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմը, որի տարելիցը նշվում է այսօր՝ օգոստոսի 8-ին, ազգային ինքնորոշման իրավունքը բերել է առաջին պլան։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, ասել է «Օրինաց Երկիր» խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը։

Ըստ նրա, եթե նախկինում համաշխարհային հանրությունը չի ընդունել պետական սահմանների փոփոխության անհրաժեշտությունը, ապա պատերազմը ցուցադրեց այդ հարցի կարեւորությունը։ Պատգամավորի կարծիքով, ազգային ինքնորոշման իրավունքի գործընթացը արդեն սկսվել է Կոսովոյով, եւ ժամանակ է պետք, որպեսզի միջազգային հանրությունը ընկալի այն։

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը առ այն, որ Կոսովոն չի կարող օրինակ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար՝ առաջին հերթին այն պատճառով, որ Սերբիային բոլորը ագրեսոր են ճանաչել, պատգամավորը ասել է. «Ցանկացած հարցում կան գլխավոր եւ երկրորդական գործընթացներ։ Կոսովոյի դեպքում գլխավոր գործընթացը ինքնորոշումն էր, իսկ մնացածը՝ ուղեկցող հարցեր էին»։ «Ազգերի ինքնորոշումը չի կարող ճանաչվել մեկ հակամարտության դեպքում, իսկ մյուսում չընդունվել։ Այն հակամարտությունները, որտեղ կան ազգամիջյան խնդիրներ, չեն կարող տարբեր լուծվել», -նշել է նա՝ հավելելով, թե տարբերությունը միայն այն է, որ Ղարաբաղի հարցում բախվում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը, որոնք ձգտում են պահպանել տարածաշրջանում իրենց ազդեցությունը։ «Սակայն երկու կողմերն էլ խնդրի խաղաղ լուծման կողմնակիցն են»,-ընդգծել է նա։

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, որում նա հայտնել է իր մտավախությունը՝ տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով վերադարձնելու Վրաստանի անդադար սպառնալիքների վերաբերյալ, պատգամավորը նշել է, թե պետք չէ անհանգստանալ նրա համար, որ նմանատիպ ռազմատենչ հայացքներ ունեցող Բաքուն դուրս է մնացել Ռուսաստանի նախագահի տեսադաշտից։ «Նա խոսում էր օգոստոսյան պատերազմի մասին, դրա համար շեշտվում էր Վրաստանը։ Սակայն ղարաբաղյան հակամարտությունը մոռացված չէ Ռուսաստանի կողմից, եւ այդ երկիրը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- եզրափակեց Աղաջանյանը։