Պատմությունը իր արդարացի գնահատականը կտա վրաց-օսական պատերազմում Ռուսաստանի գործողություններին, եւ Վրաստանի ղեկավարությունը, որ հրաման էր արձակել ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Օսիայի դեմ, խիստ պատժի կարժանանա, այսօր այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում օգոստոսյան պատերազմին մասնակցած ռուս զինվորականների պարգեւատրման արարողության եզրափակիչ ելույթում։

Մեդվեդեւը վստահ է, որ եթե Վրաստանի ագրեսիան չկասեցվեր, ապա այն կտրուկ կփոխեր աշխարհաքաղաքական իրավիճակը։ «Եթե մենք այն ժամանակ հրաժարվեինք օգնել, չպատերազմեինք, աշխարհը կլիներ ուրիշ, եւ մենք նույնպես կլինեինք ուրիշ», հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Մեդվեդեւն ասել է, թե պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի, եւ ռուսական զինված ուժերի սխրանքը հավերժ կմնա սերունդների հիշողության մեջ։ «Մենք շատ կարեւոր գործ կատարեցինք, պաշտպանեցինք մեր ժողովրդին։ Եւ դա արեցինք արդյունավետ ու պատասխանատու կերպով, թեպետ՝ մեր ընկերների կյանքի գնով», ասել է նա։

Ըստ Մեդվեդեւի, Ռուսաստանը օգնեց Հարավային Օսիայի ժողովրդին փրկվել ոչնչացումից, խաղաղություն եւ կարգուկանոն հաստատեց Կովկասում։