NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված հոդվածը:

Եվրասիական միությունը, որը հաճախ դիտում են որպես Վլադիմիր Պուտինի՝ Խորհրդային Միության հանդեպ կարոտի դրսեւորում, մեծ հաշվով Արեւմուտքում անտեսվում էր: Այնուամենայնիվ, Մինսկում հաջորդ շաբաթ կայանալիք Եվրասիական միության գագաթաժողովում Պուտինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Պորոշենկոյին նախորդած Վիկտոր Յանուկովիչի՝ այս նախագիծն ընդունելու եւ Եվրամիության հետ համաձայնությունից հրաժարվելու մասին որոշումն էլ Կիեւում անցյալ ձմեռ բողոքի ցույցերի հանգեցրեց:

Ռուս պաշտոնյաները գովազդում են միության ներուժը. առեւտուրը կարող է ամեն ինչ ներառել՝ բելառուսական ծանր տեխնիկայից մինչեւ ղազախական տավարի միս: Միության ներսում 2011 թվականից առեւտուրն աճել է ավելի քան 30 տոկոսով, նշում են նրանք: Այնուամենայնիվ, Քարնեգիի մոսկովյան կենտրոնից Դմիտրի Տրենինը նշում է, որ ընդլայնումից հետո տնտեսական շահերը կասկածելի են: Միության առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովն ինքը չի կարծում, որ Միությունը Ռուսաստանի տնտեսությունը կփրկի անկումից:

Նման նվազագույն սպասելիքների դեպքում կարող ենք մտածել՝ ինչի՞ համար է Եվրասիական միությունը: Հայաստանի նախկին արտգործնախար Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը կցանկանա գերիշխել փոքր երկրներին եւ վերածնել Խորհրդային Միությունը: Սակայն Սլեպնյովը պնդում է, որ Ռուսաստանը մյուսների նկատմամբ որեւէ վերահսկողություն չունի:

Մոսկվայում Տնտեսագիտական բարձրագույն դպրոցից Կոնստանտին Սոնինի խոսքով՝ հենց ավելի փոքր անդամները տնտեսական շահեր կունենան՝ ի դեմս ռուս արտադրողների էներգակիրների ցածր գների, ինչպիսիք են «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտը»: Նրա խոսքով՝ առանց այդ «քազցրաբլիթների» այնպիսի երկրներ, ինչպես Բելառուսն է, կանցնեն ԵՄ կողմը, ինչպես այդ արեց Ուկրաինան:

Պուտինի եվրասիական ինտերգրացման ձգտումը, առանց Ռուսաստանի համար  տնտեսական շահերի, կարող է տարօրինակ թվալ: Սակայն որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ռուսաստանը ձգտում է հենակետեր ունենալ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան ու Հայաստանը, սակայն ոչ թե վերահսկելու, այլ արեւմտյան ազդեցությունը նվազեցնելու համար: Ռուսաստանն այնքան իշխանության չի ձգտում, որքան իշխանության տեսլականի: Քանի որ Ռուսաստանն Արեւմուտքի յուրաքանչյուր շահ դիտարկում է ի վնաս իրեն, շարունակելու է առաջ տանել իր սիրելի նախագիծը: