Եվրասիական ինտեգրացիան չի ազդի Հայաստանի կրթական գործընթացի վրա: Այս մասին օգոստոսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մասնավորապես, Բոլոնյան գործընթացի բարեփոխումները Հայաստանում ոչ մի փոփոխության չեն ենթարկվի: Եվրասիական միությունում առանձին կրթական տարածք չկա եւ չի նախատեսվում, եւ Եվրասիական միության երկրները առաջ են շարժվում Բոլոնյան գործընթացի բարեփոխումների ճանապարհով, ինչպես եւ Հայաստանը: «Եվ Ղազախստանը, եւ Ռուսաստանը Բոլոնյան գործընթացի երկրներ են, այդ պատճառով էլ ապագայի մեր ծրագրերում ընդհանուր շատ բան կա», – հայտարարել է նախարարը:
Հետեւաբար, Եվրասիական միությունում ցանկացած հնարավոր համատեղ կրթական ծրագիր չի խոչընդոտի եվրոպականներին, որոնց Հայաստանն արդեն մասնակցում է, հավելել է Աշոտյանը: «Մեր ռազմավարական նպատակները նույնն են` կրթության մեջ եւ աշխատաշուկայում շարժունության բարձրացումը», - հավելել է Աշոտյանը:



























