Հայտնի է, որ Ռուսաստանն արգելել է իր դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից մթերքներ ներկրել: Այս քայլը, որը քաղաքական, այլ ոչ թե տնտեսական դրդապատճառներով է պայմանավորված, հանգեցրել է սպասելի հետեւանքների: Սննդամթերքի կանխիկ ռեսուրսների կտրուկ կրճատումը մթերային շուկայում վատթարացրել է առանց այդ էլ զգալի գնաճը:
Դատելով պաշտոնական տվյալներից՝ Ռուսաստանում պարենային ռեսուրսների հետ կապված պատկերն ուրախալի է: Պնդում են, որ հաստատված ռուսական «Պարենային անվտանգության դոկտրինա»-ով սեփական արտադրության նվազագույն մակարդակ է ձեռք բերվել մի շարք կարեւոր ապրանքների դեպքում:
Նվազագույն մակարդակի ցուցանիշներն արժանի են ուշադրության: Հացահատիկի դեպքում այն կազմում է 95 տոկոս, շաքարավազի դեպքում՝ 80 տոկոս, բուսական յուղի դեպքում՝ 80, մսի դեպքում՝ 85, կաթի դեպքում՝ 90, ձկան դեպքում՝ 80, կարտոֆիլի դեպքում՝ 95 տոկոս եւ այլն: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արտադրությունը բավարարում է սպառման 80 տոկոսը, թեեւ նպատակ է դրվել հասնել 90 տոկոս մակարդակի:
Սովորաբար համարվում է, որ երկրի պարենային անվտանգությունը վտանգի տակ է, եթե ապահովված չէ մի շարք պայմաններով: Օրինակ, եթե հայրենական արտադրության ապրանքներով բնակչության ապահովվածությունը կազմում է 60 տոկոսից էլ պակաս:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ վերջերս հրապարակած «Աղքատություն եւ պարենային ապահովվածություն» զեկույցում ներկայացվում է ազգային պարենային հաշվեկշիռը: Իհարկե՝ 2012 թվականի համար: Սակայն դժվար թե այս ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել:
Դատելով տվյալներից՝ մեզ մոտ սեփական արտադրության պարենային ապահովվածության մակարդակը բավական բարձր է: Բանջարեղենի դեպքում ցուցանիշը կազմում է 99.3 տոկոս, կարտոֆիլի դեպքում՝ 99.0, տավարի մսի դեպքում՝ 81.6, ձկան դեպքում՝ 103.3 տոկոս եւ այլն: Զիջում են հացահատկը (32.9 տոկոս), խոզի միսը (39.3 տոկոս) եւ թռչնամիսը (19.1 տոկոս):
Սակայն արդյունքների ազդեցությունն անհետանում է, երբ աղյուսակում հայտնվում է շաքարով ապահովվածության ցուցանիշը՝ 93.1 տոկոս: Մեզ մնում է նման փայլուն ցուցանիշի հասնել արեւադարձային մրգերի, սուրճի ու կակաոյի արտադրությամբ:
Բայց ինչ վերաբերում է այլ մթերքների ցուցանիշներին, ապա սպառման բավական ցածր մակարդակ է նկատվում, ինչի շնորհիվ հայրենական արտադրության ապրանքների ապահովվածության մակարդակը բարձրանում է: Օրինակ՝ տավարի մսի եւ ձկան դեպքում: Գաղտնիք չէ, որ մի շարք մթերքների միջին շնչի սպառողական մակարդակը խորհրդանշական է՝ մեր հասարակության որոշ հատվածի ցածր վճարունակության պատճառով:




























