Ամերիկյան դատարանը տղամարդուն դատապարտել է 17 տարվա ազատազրկման՝ նախորդ տարվա նոյեմբերին անզեն կնոջը սպանելու համար:

Ոստիկանության տվյալներով՝ Դեթյորթ քաղաքի բնակիչ Թեոդոր Ուեյֆերը գնդակահարել է 19-ամյա սեւամորթ աղջկա՝ Ռենիշ ՄաքԲրայդին, որը վա առավոտյան ծեծել է նրա դուռը:

Աղջիկը հարբած է եղել, նա ավտովթարի է ենթարկվել եւ, ամենայն հավանականությամբ, փորձել է օգնություն խնդրել:

Ուեյֆերը խոստովանել է, որ վախեցել է դռան թակոցից եւ զենք վերցրել: Դատարանում տղամարդը ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից:

Ուեյֆերի գործը հերթական անգամ բարձրացրել է ԱՄՆ-ում ինքնապաշտպանության նպատակով զենք կրելու իրավունքի հարցը: Երկրում գրեթե ամեն շաբաթ հրազենի կիրառմամբ դժբախտ դեպքեր ու սպանություններ են տեղի ունենում, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հրազենի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ օրենք ընդունելու փորձերը բախվում են կոնգրեսականների մեծ մասի դիմադրությանը, որոնք վախենում են առաջ բերել զենք կրողներին միավորող Ազգային հրաձգային ասոցիացիայի զայրույթը, որը լուրջ լոբբիստական գործունեություն է իրականացնում: