Բոսնիայում երկրաշարժի հետեւանքով 34 հանքափոր մնացել են գետնի տակ, հայտնում է Agence France-Presse-ը:

3,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի երեկոյան: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարաեւոյից 53 կմ հյուսիս-արեւմուտք:  
Ըստ «Ռասպոտոչիե» հանքի ներկայացուցչի` գետնի տակ տեղի է ունեցել երկու հանքի փլուզում:

Փրկարարները փորձում են ազատել անվնաս հատվածում պատսպարված հանքագործներին, այնտեղ դեռեւս թթվածին կա: Եվս երկու հանքափոր փրկվել եւ տեղափոխվել են հիվանդանոց:
Հանքահորի տնօրեն Էսադ Սիվիչը պատմել է, որ փլուզման պահին 600 մ խորությունում գտնվել է 56 աշխատող, դուրս  են եկել միայն 22-ը: Նրանցից երկուսն ստացել են վնասվածքներ, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: