Ամերիկյան Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կմեկնի սեպտեմբերի 20-ին, հայտնում է ՆԱՍԱ-ն։
Տիեզերանավի մեկնումը կիրականացվի Falcon 9 հրթիռակրի օգնությամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Քանավերալի կայանից։ Մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով 02:16-ին։
Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայան կհասցնի մոտ 2,5 տոնա մթերք, առաջին անհրաժեշտության պարագաներ եւ գիտափորձերի նյութեր, այդ թվում տիեզերական առաջին 3D-տպիչը;
Dragon-ը Երկիր կվերադառնա ավելի քան մեկ ամիս անց՝ բերելով տարբեր սարքավորումներ եւ գիտափորձերի արդյունքները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Dragon-ը, ինչպես եւ Falcon 9 հրթիռը, արտադրել է ամերիկյան SpaceX ընկերությունը;
Այն ՆԱՍԱ-ի եւ SpaceX-ի միջեւ համաձայնագրի շրջանակում արդեն երեք անգամ միակցվել է ՄՏԿ-ին եւ եւս ինն անգամ կուղեւորվի կայան։ Պայմանագիրը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։
Dragon-ը բազմանգամյա օգտագործման աշխարհում միակ բեռնատար տիեզերանավն է։ Բեռներ տեղափոխելու համար ՆԱՍԱ-ն նաեւ օգտագործում է Orbital Sciences-ի արտադրած Cygnus տիեզերանավը։





























