Վերջին օրերին կտրուկ վատթարացել է Երեւանի Նորքի զանգվածների ջրամատակարարումը: Բնակիչները դա կապում են ամառային սեզոնին «Ջրաշխարհի» գործունեության հետ: Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը այսօր հրավիրած ասուլիսում հերքեց այդ լուրերը` ասելով, որ «Ջրաշխարհն» հիմնականում օգտվում է խորքային հորերից և քիչ է կապված Երեւանի ջրամատակարարման համակարգին:

Նրա խոսքով` ջրամատակարարման վատթարացումը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երեւան մտնող խմելու ջուրը մոտ 30 գյուղերի, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչների կողմից օգտագործվում է ոռոգման նպատակներով, չնայած քլոր պարունակելու պատճառով այն պիտանի չէ ոռոգման համար: Ըստ Անդրեասյանի` «Երեւան Ջուրն» ամեն օր մոտ 2000 ապօրինի ջրօգտագործման ակտ է կազմում: