Այսօր Ֆիլիպիններում 12 հազար մարդ է տարհանվել` երկրի կենտրոնական Բիկոլ շրջանում ամենաակտիվ Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, հայտնել են Ալբայ նահանգի իշխանությունները:
Մայոնում պարբերական ցնցումների եւ քարաթափման պատճառով` ավելի վաղ Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմագիտության ինստիտուտը վտանգի մակարդակը երկրորդից երրորդի էր բարձրացրել: Փորձագետները կարծում են, որ ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նահանգապետ Ջոյի Սալսեդայի` հրատապ տարհանվել են հրաբխից 6-8 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերի բնակիչները: Բոլորն ապրելու են ժամանակավոր ապաստաններում` երեք ամիս: Հրաբխի ժայթքման դեպքում առավել անվտանգ շրջաններ կտեղափոխվեն նաեւ հրաբխի խառնարանից հարավ-արեւելք գտնվող բնակավայրերի բնակիչները: Մայոնը 600 տարվա ընթացքում ժայթքել է 50 անգամ, վերջին անգամ` 2009թ.:





























