Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում չորեքշաբթի ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 15 ոստիկան վիրավորվել է, փոխանցում է Andes գործակալությունը։

Ըստ ներքին գործերի նախարար Խոսե Սերանոյի` ոստիկանների վրա հարձակվել է ամբոխը, մարդիկ տարբեր առարկաներ են նետել, այդ թվում նաեւ բռնկուն նյութով շշեր: «Մենք տեսանք բռնի գործողությունների մի շարք, որը չի կարող բողոքի մաս լինել, այլ ընդամենը` հանցագործության», — ասել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Andes-ը նաեւ հայտնում է, որ ավելի վաղ բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել էին նաեւ իր թղթակիցների վրա` փորձելով վերջիններիս խանգարել լուսաբանել  ընդդիմության երթը: Երեկոյան ոստիկանությանը հաջողվել է իր ձեռքն առնել  իրավիճակի վերահսկողությունը: