Malaysia Airlines-ի մարտին անհետացած Boeing 777-ի որոնումները, որը ենթադրաբար ընկել էր Հնդկական օվկիանոսի հարավային մասում,  կվերսկսվեն սեպտեմբերի վերջին, հայտնում է AP-ը։

Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոյի ղեկավար Մարտին Դոլանը, որին վկայակոչում է գործակալությունը,  հայտարարել է, որ առաջին երեք նավերը օդանավի խորտակման ենթադրյալ վայր կուղարկվեն արդեն սեպտեմբերի 30-ին:  Դրանից բացի, հայտնի է դարձել, որ նախատեսվում է  որոնումների գոտին տեղափոխել Հնդկական օվկիանոսի նախկին  գոտուց հարավ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Malaysia Airlines-ի Boeing 777-200-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել էր  227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:

Մարտի 24-ին Մալայզիայի վարչապետը հայտնել էր, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում. այդ մասին են վկայում արբանյակային տվյալների վերլուծությունները:  Ենթադրաբար՝ ոչ ոք չի փրկվել։