Տիեզերական Maven զոնդը, որը ՆԱՍԱ-ն ուղարկել էր նախորդ տարվա նոյեմբերին, հասել է Մարսի մթնոլորտային շերտերին, որտեղ պետք է ուսումնասիրի պատմական փոփոխությունները կարմիր մոլորակի գազային  ծածկույթում: 10 ամսում սարքն անցել է 700 մլն կմ:

Շնորհիվ զոնդի առաջին ինքնատիպ առաքելութան` գիտնականները հուսով են հասկանալ, թե ինչու եւ ինչպես է մոլորակը կորցրել ջուրը եւ խիտ մթնոլորտը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մարսի ներկայիս գազային ծածկույթը խիստ նոսր է, սառը եւ չոր, սակայն մոլորակի լանդշաֆտի ուսումնասիրությունը աստղագետներին հիմք է տվել  ենթադրելու, որ միլիարդավոր տարիներ առաջ այն խիտ, տաք եւ խոնավ է եղել:

Ըստ ՆԱՍԱ-ի ծրագրերի` Maven-ը չպետք է վայրէջք կատարի մոլորակի մակերեւույթին:  Զոնդը կարող է օգտակար լինել չորս շաբաթ հետո Մարսի կողքով  թռչող երկնաքարն ուսումնասիրելիս: