Հնդկական «Մանգալյան» զոնդը հաջողությամբ Մարսի ուղեծիր է դուրս բերվել, սեպտեմբերի 24-ին հայտարարել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):

«Մանգալյանը» Մարս դուրս բերելու գործողությունը սկսվել էր հնդկական ժամանակով առավոտյան 07:17-ին: Մանեւրի ընթացքում սարքի հրթիռային շարժիչները աշխատել են 24 րոպե, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոնդն ուղեծիր է դուրս բերվել Մարսի հակառակ կողմից, ինչի արդյունքում դրա հետ կապը  12,5 րոպեով կորել է: Երբ սարքը դուրս է եկել մոլորակի ստվերից, պարզ է դարձել, որ գործողությունը հաջող է անցել:

Հնդկաստանն առաջին երկիրն է, որը զոնդը Մարսի ուղեծիր է դուրս բերել առաջին փորձից, եւ ասիական առաջին երկիրը, որը նման հաջողության է հասել: