Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջեւ մաքսակետ տեղադրվելու մասին քաղաքական ղեկավարությունը հստակ իր դիրքորոշումը հայտնել է: NEWS.am-ի հարցին, թե ԵՏՄ-ին միանալուց հետո հնարավոր է՝ ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրվի, քանի որ ԱԳՆ-ն հրապարակել էր, որ ԵՏՄ-ի ստորագրման պայմաններից մեկն էլ մաքսակետի տեղադրումն է, այսպես արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մաքսակետ տեղադրելու մասին քաղաքական ղեկավարությունը հստակ խոսել է: Ես ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա:
Ճշտող հարցին, թե այսինքն մաքսակետ չի տեղադրվելու, Դավիթ Հարությունյանը չպատասխանեց՝ նշելով, որ ինքն ամեն ինչ ասաց:
Ի դեպ, գործող իշխանությունները պնդում են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ չի տեղադրվելու:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հրապարակել է ԵՏՄ-ին Հայաստանի միացման պայմանագրի պայմանները, որտեղ հիշատակվում է «Հայաստանի Հանրապետության տարածք» արտահայտությունը: Պայմանագրի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է մաքսակետ դրվի:
Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու պայամնագիրը: Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցումը ձգձգվում է, որովհետեւ Ռուսաստանը պայման է դրել մաքսակետ տեղադրելու վերաբերյալ։




























