ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեւին Նյունսը դատապարտել է սիրիական Դեր Զոր քաղաքի «Սրբոց Նահատակաց» եկեղեցու պայթեցումը, որը կառուցվել էր ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի:
«Իսլամական պետությունը» շարունակում է իր վայրագությունները. վերջերս այն ավերել է Սիրիայի Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցին: Այդ հարձակումը «ԻՊ»-ի բարբարոսության տիպիկ դրսեւորում է, որն այս անգամ ուղղված է քրիստոնյա փոքրամասնության այն խմբի դեմ, որը երկար ժամանակ տառապել է ճնշումներից, նույնիսկ ցեղասպանության ենթարկվել այս տարծաշրջանում»,– ասել է Դեւին Նյունսը:
Նշենք, ավելի վաղ Դեր Զորի պայթեցումը դատապարտող նման հայտարարություններով հանդես էին եկել ամերիկացի կոնգրեսմեններ Ֆրենկ Պալոնեն, Ջիմ Կոստան, Ադամ Շիֆը, Սենդի Լեւինը, Ջեքի Սփեյերը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ականապատել եւ պայթեցրել էին Դեր Զոր քաղաքի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Դեր Զորի անապատը մահվան արահետ էր դարձել Օսմանյան կայսրության տարածքից տեղահանված հայերի համար:



























