Ռուսաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայում հանուն արեւմտյան պատժամիջոցների վերացման: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Bloomberg» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մեկ անգամ չէ, որ առաջարկել է չափորոշիչներ մշակել, որոնք կկարողանային կիրառեկ հետագայում պատժամիջոցների վերացման համար, սակայն Ռուսաստանտ չի պատրաստվում անել դա:

«Մենք չենք պատրաստվում փոխել մեր դիրքորոշումը: Մենք այն արդար ենք համարում: Մենք, նախ եւ առաջ, մտածում ենք ուկրաինացիների մասին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նպաստենք Մինսկի համաձայնությունների կատարմանը եւ լիակատար կարգավորման հաստատմանը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է ռուս նախարարի խոսքերը:

Լավրովը նաեւ խոստովանել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում պատերազմել են նաեւ ռուս կամավորներ: Սակայն նա ընդգծել է, որ այնտեղ երկու կողմից էլ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են պատերազմել, իսկ Ռուսաստանի քաղաքացիներն այդ թվում նաեւ «գումարտակների կողմից, որոնց հովանավորում էին ուկրաինացի օլիգարխները», որոնց կազմում էին «շատ լեհեր, լիտվացիներ, եվրոպացիներ»:

«Մենք երբեք չենք ժխտել, որ այնտեղ ռուս կամավորներ են պատերազմում»,- նշել է Լավրովը: