Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկն առաջարկել է «Իսլամական պետության» գործունեությունը հավասարեցնել մարդկության դեմ հանցագործությանը: Այս առաջարկը հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 69-րդ նստաշրջանում:
«Մենք սարսափով ենք տեղեկանում ԻՊ-ի ահաբեկիչների վայրագությունների մասին: Այն, ինչ նրանք անում են, ռազմական հանցագործություն է, մարդկության դեմ հանցագործություն»,- նշել է նա:
Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, չեխ նախարարն ասել է, որ տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում՝ Սիրիան, պետք է միավորվեն այդ կազմակերպության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ-ն դաշնակից մի շարք երկրների աջակցությամբ, այդ թվում՝ արաբական պետությունների, ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Օգոստոսից նման գործողություններ են անցկացվում նաեւ Իրաքում:
AFP-ի տվյալներով, վերջին ավիահարվածների ընթացքում Սիրիայի տարածքում նավթի վերամշակման երեք գործարան է կործանվել, որոնք խմբավորման վերահսկողության տակ էին:


























