Վաշինգտոնը Կիեւին 53 մլն դոլար է փոխանցել՝ որպես ֆինանսական աջակցություն: Այս մասին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՄՆ առեւտրի նախարար Պեննի Պրիտցկերը:
«Ամերիկան նաեւ պարտավորություններ է ստանձնել, շատ մեծ ֆինանսական պարտավորություններ… նաեւ անցյալ շաբաթ արդեն 53 մլն դոլար է փոխանցվել Ուկրաինային»,- Ուկրաինայի արեւելքին օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ամերիկացի նախարարը:
Սպիտակ տունը սեպտեմբերի 18-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 53 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթ է հատկացրել: Այդ գումարից 46 միլիոնը կուղղվի ուկրաինական զինվորականների եւ սահմանապահների օգնությանը, իսկ 7 միլիոնը՝ միջազգային կազմակերպություններին, երկրի արեւելքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Ուկրաինական ուժայիններին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալն արդեն հասնում է 116 մլն դոլարի:



























