Թաիլանդի իշխանությունները մտադիր են զբոսաշրջիկներին նույնականացնող թեւնոցներ տալ՝ կուրորտներում անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Կոբկարն Վաթանավրանգկուլը, գրում է The Guardian-ը:

Ըստ նրա՝ թեւնոցները, որոնց վրա կլինեն կոնտակտային տվյալները, կարող են արտասահմանցի հյուրերին տրվել հյուրանոցում գրանցվելուց հետո: Դրանց օգնությամբ կորած կամ վտանգի մեջ հայտնված ճանապարհորդներին գտնելը կհեշտանա:

Նա հավելել է, որ դիտարկվում է էլեկտրոնային հատուկ սարքերի կիրառման հավանականությունը՝ զբոսաշրջիկների գտնվելու վայրը որոշելու համար:

Նախարարը խոստովանել է, որ շատերը ողջունել են այս գաղափարը, սակայն որոշ հյուրանոցներ մտավախություն ունեն, որ զբոսաշրջիկները չեն ցանկանա կրել այդ թեւնոցները:

Զբոսաշրջիկների անվտանգության համար իշխանությունները լրջորեն մտահոգվել էին Թաիլանդի հարավի Թաո կղզում բրիտանացի զույգի դաժան սպանությունից հետո:

23-ամյա Հաննա Վիթերիջի եւ 24-ամյա Դեյվիդ Միլլերի մարմինները գտնվել էին լողափում՝ սեփական բունգալոյից ոչ հեռու: