ՀԱՊԿ անդամ երկրները մտադիր են խորացնել պաշտպանա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ինտեգրումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

 «Մենք քննարկել ենք, թե ինչպես անենք, որ համագործակցային կապերն ավելի գործուն լինեն», - ասել է նա: Սեմերիկովի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանա-արդյունաբերական ձեռնարկությունների  համագործակցության ծրագիրն արդեն մշակված է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է նաեւ  ռազմարդյունաբերական ոլորտում ներկրման խնդիրների լուծման կարեւորության մասին: Ըստ Սեմերիկովի` նիստին կողմերը քննարկել են ռազմատեխնիկայի վերանորոգման  եւ տեխզննման համար սպասարկման կենտրոնների եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ զարգացման հարցը:

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են նաեւ առաջիկայում երկրների ռազմատնտեսական համագործակցության նախագիծը: Սեմերիկովը հույս է հայտնել, որ  շուտով այն հնարավոր կլինի ներկայացնել  ՀԱՊԿ պետությունների նախագահների քննարկմանը: