Հայաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Գոյունյանը եւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանը:
Քրիստոֆ Բիերվիրթը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաղաքացի Լոկման Ալիի Հասիին՝ սահմանի ապօրինի հատման համար առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին Գլխավոր դատախազության որոշման համար, կարեւորելով այս հարցի շուրջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու Գլխավոր դատախազության պատրաստակամությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը նշել է, որ Հայաստանն առավել քան լավ է պատկերացնում փախստականի կարգավիճակի նրբությունները: «Ցավոք նման երեւույթները շարունակվում են նաեւ այսօր: 21-րդ դարում միջազգային հանրությունը դեռեւս ականատես է լինում տեղահանումների ու ազգային արժեքների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումների, որի վառ օրինակն էր Սիրիայում հայկական Դեր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը»,- նշել է Է. Բաբայանը, հավելելով, որ ՀՀ դատախազությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում օրինական եւ անաչառ լուծում տալ փախստականների հետ առընչվող խնդիրներին:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ փախստականների խնդրներն արագ կարգավորելու ՀՀ պետական մարմինների աշխատանքին իրենք արդեն իսկ ծանոթ են՝ Ադրբեջանից Հայաստան եկած եւ այստեղ հատատված ընտանիքի օրինակով, ինչը չի կարելի ասել հարեւան պետության մասին, քանի, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած հայաստանցի ընտանիքն արդեն չորս տարի է Ադրբեջանում կալանքի տակ է պահվում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ դատախազությունն այսուհետ եւս պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի հետ փախստականների իրավունքները պաշտպանելու գործում:




























