Բուլղարիայում հոկտեմբերի 5-ին մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բուլղարիայի քաղաքացիները, նշում է աղբյուրը, հնարավորություն ունեն քվեարկել աշխարհի 60 պետությունում: Ընտրական ցուցակներում ընդգրկվել է 6 875 199 մարդ: Քվեարկությանը հետեւելու է ավելի քան 17 հազար դիտորդ 39 հասարակական կազմակերխպությունից:

Քվեաթերթիկում ընդգրկված է 18 կուսակցություն եւ 7 կոալիցիա: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ դրանցից միայն երեքը երաշխիք ունեն խորհրդարան անցնել՝ «Քաղաքացիներ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման», «Բուլղարական սոցիալիստական կուսակցություն՝ ձախ Բուլղարիա», «Շարժում հանուն իրավունքի եւ ազատության» կուսակցությունները:

Ընտրություններում սպասվում է մոտ 50 տոկոս մասնակցություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բուլղարիայում քաղաքական ճգնաժամը զարգացել է մայիսին կայացած Եվրախորհրդարանի պատգամավորների ընտրություններից հետո: