Իսրայելի հայ տաղանդների հետ հարցազրույցների շարքից ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ճանաչված երաժիշտ, վոկալի դասախոս, տաղանդավոր արտիստ եւ պարզապես հրաշալի մարդ Աշոտ Գասպարյանի հետ զրույցը:
Աշոտ, մի փոքր պատմեք Ձեր մասին:
Ես ծնվել եմ Երեւանում: Երբ 9 տարեկան էի, մեր ընտանիքը՝ ծնողներս՝ Վահանն ու Ռուզաննան, ես եւ կրտսեր եղբայրս՝ Տիգրանը, փոխադրվեցինք Իսրայել: Մայրս Հայաստանում բժիշկ էր, հայրս երգում էր Հայաստանի պետական ազգային երգչախմբում, իսկ Իսրայելում ելույթ էր ունենում Նոր իսրայելական օպերայում: 2 տարի առաջ նա վախճանվեց:
Դեռ պատանեկության տարիներին հորս խնդրեցի ինձ երգել սովորեցնել: Սկզբում գաղափարը նրան դուր չեկավ, բայց ժամանակի ընթացքում սկսեցինք աշխատել միասին: Ես նաեւ տարբեր անվճար դասընթացների էի մասնակցում՝ փորձ ձեռք բերելու համար, մասնակցում էին բազմաթիվ ծրագրերի: Առաջին դասընթացներից մեկում հանդիպեցի բեմադրիչ եւ երգիչ Իդան Լիպերին, ով այդ ժամանակ ուսումնառությունից հետո վերադարձել էր Նյու Յորքից: Նա ինձ շատ բան սովորեցրեց, աջակցեց, սովորեցրեց հավատալ իմ ուժերին եւ լրջորեն վերաբերվել երգեցողությանը: Ժամանակի ընթացքում ես որոշ մակարդակի հասա եւ կարող էի ասել, որ երգիչ եմ: Մի քանի տարի ես վաստակում էի մատուցող աշխատելով, մինչեւ ընդունվեցի Voca People համույթ:
Պատմեք, խնդրում եմ, «Ծովից ծով» մրցույթի մասին: Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել դրան, եւ Ձեզ համար՝ որպես հայ, ինչն է կարեւոր այդ մրցույթում:
Մի անգամ ընկերս ինձ հղում ուղարկեց: Դրա միջոցով հայտնաբերեցի հայկական երաժշտության միջազգային մրցույթի կայքը, որին մասնակցում են երգիչներ ու երաժիշտներ ամբողջ աշխարհից: Յուրաքանչյուրը կարող էր կայքում հայտ լրացնել եւ YouTube-ում տեղադրված հոլովակի հղում տալ: Ես այդպես էլ արեցի, եւ մի քանի օր անց պատասխան ստացա, որ իմ հայտն ընդունվել է, եւ եթե կարողանամ ընդգրկվել եզրափակիչ ութնյակում, կմասնակցեմ 2014 թվականի նոյեմբերին Կրեմլում կայանալիք եզրափակիչ համերգին: Ուզում եմ, որ ինձ ճանաչեն որպես հայ երգիչ Իսրայելից: Կյանքիս մեծ մասն այնտեղ եմ ապրել եւ ինձ իսրայելցի եմ զգում, բայց իմ սրտում Հայաստանին պատկանող տեղ կա, եւ այն միշտ իմ մասնիկն է լինելու: Երաժշտության օգնությամբ ցանկանում եմ աշխարհի հայերին ցույց տալ, որ Իսրայելում նույնպես հայ համայնք կա: Հնարավոր է՝ մրցույթին իմ մասնակցությունը կօգնի ամրապնդել Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները, եւ դրանք ընտանեկան դարձնել:
Տատիկս Հայաստանում է ապրում: Ես շատ եմ կարոտում նրան ու այնտեղ բնակվող իմ հարազատներին: Մրցույթին ես կատարում եմ «Կռունկ» երգը, որը դեգերումների մասին է: Իսրայելում իմ տունն է, աշխատանքն ու ընկերները, իմ ամբողջ կյանքը: Բայց ինչպես հին հայկական ասացվածքն է ասում՝ «Չի կարելի դադարել հայ լինել»:
Մրցույթի առաջին փուլն առցանց քվեարկությունն է: Կայքի այցելուները ներկայացված 10 երգերից ընտրում են իրենց ամենաշատ դուր եկածները եւ քվեարկում դրա օգտին: Քվեարկել կարելի է օրական մեկ անգամ, բայց մեկ անգամն էլ հսկայական օգնություն է:
Որոշել էիք Ձեր ուժերը փորձել մյուզիքլներում, դրա համար փոխադրվել էիք ԱՄՆ՝ Բրոդվեյում աշխատելու համար: Իսկ ինչո՞ւ որոշեցիք հետ վերադառնալ Իսրայել:
Ես փոխադրվեցի Նյու Յորք՝ հասկանալու համար, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխարհում: Իդան Լիպերը նույնպես այնտեղ էր, զբաղված էր իր գրած «Shadows» մյուզիքլի բեմադրությամբ: Ընտրությունը մի քանի ամիս էր տեւեց, բազմաթիվ մարդիկ եկան ամբողջ աշխարհից՝ իրենց մեծ երազանքն իրականություն դարձնելու համար: Մյուզիքլը մի քանի անգամ ներկայացվեց Off-Broadway theatre-ի բեմում: Ես խաղում էի գլխավոր դերերից մեկը, Իդանը պրոդյուսերն ու ռեժիսորն էր: Մյուզիքլը դրական արձագանքի արժանացավ քննադատների եւ հանդիսատեսի կողմից:
Այսօր Իդանի հետ իմ համագործակցությունը շարունակվում է: Մենք միասին մի շարք հայտնի մյուզիքլներ բեմադրեցինք. Jesus Crist Superstar, Les Miserables, Notre-Dame de Paris, Rent: Դրանք ներկայացվեցին նաեւ «Աբիմա» ազգային թատրոնում:
Ուրախ եմ, որ վերադարձա Իսրայել: Նյու Յորքում ապրելը դյուրին չէ. դա հաջողության եւ հարստության անդադար մրցավազք է: Ինչ-որ պահի ես հասկացա, որ դա այն չէ, ինչ ես փնտրում եմ: Ես հաջողությունն այլ կերպ եմ հասկանում, քան նրանք, ովքեր ապրում են այնտեղ: Ես ցանկանում եմ հաճույք ստանալ սիրած գործից, ամեն օր վայելել կյանքը: Չվազել նրա հետեւից, որը երջանկություն են կոչում: Մի անգամ մտերիմ ընկերս ինձ ասաց. «Երջանկություն որպես այդպիսին գոյություն չունի: Կան երջանիկ պահեր կյանքի ընթացքում»: Ինձ դուր է գալիս այն, ինչով հիմա զբաղվում եմ, եւ դույզն-ինչ չեմ ափսոսում Նյու Յորքից հեռանալու որոշման համար:
Մենդել Կորսունսկի, Իսրայելում հայկական մշակութային «Նոյան տապան» կենտրոնի մամուլի քարտուղար



























