Թուրքիան իր սադրիչ գործողություններով վտանգում է կիպրական խնդրի կարգավորման հարցով բանակցությունների հաջողության հեռանկարները: Այս մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Իոանիս Կասուլիդիսը:
«Մենք իրադարձությունների լուրջ զարգացում ենք համարում Թուրքիայի կողմից հետազոտական նավի ուղարկումը կղզուց դեպի հարավ ընկած շրջան, որտեղ ներկայում աշխատանքներ են իրականացնում իտալական Eni ընկերությունը եւ հարավկորեական Կոգազը»,- նշել է կիպրոսցի պաշտոնյան: Նրա խոսքով, սադրանքի պայմաններում արդյունավետ բանակցություններ չեն կարող լինել:
Կիպրոսի ԱԳ նախարարը հրաժարվել է պատասխանել հարցին, չե՞ն պատրաստվում, արդյոք, հանրապետության իշխանությունները դադար առնել եւ կանգնեցնել բանակցությունները: «Ցանկացած դեպքում որոշումը կայացնելու է նախագահը»,- նշել է Կասուլիդիսը:



























