Հայաստանում կանանց նկատմամբ բռնության խնդիրներն առանձնահատուկ չեն. ցավոք, դրանք կան ողջ աշխարհում, սակայն լավ կլիներ, որ Հայաստանում այս խնդրին արձագանքեին բոլոր քաղաքական ուժերը, նպաստեին կոնվենցիայի վավերացմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը:
Անդրադառնալով դատական համակարգին՝ Նիլս Մուիժնիկսը նշել է, որ այն ծանրաբեռնված է. վերջին տարիներին քննվող գործերի քանակը երկու անգամ մեծացել է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության որոշ մասը չի վստահում երկրի արդարադատության համակարգին, սակայն հարկ եղած դեպքում դիմում է հենց դատարան: Ըստ Նիլս Մուիժնիկսի՝ սա պարադոքսալ երեւույթ է: Նա նշել է, որ զեկույց է պատրաստվելու այցելության հետ կապված դիտարկումների շուրջ եւ հույս է հայտնել, որ զեկույցը օգտակար կլինի: Նիլս Մուիժնիկսը նաեւ գոհունակություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների հարցում Վենետիկի հանձնաժողովի հետ համգործակցության առումով եւ հույս հայտնել, որ ԵԽ հետ ՀՀ համագործակցությունը կշարունակվի Ստրասբուրգում:
Անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար բարձրացրած հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ արդարադատության բնագավառում Հայաստանը տարիներ շարունակ բարեփոխումներ է իրականացրել, սակայն անելիք դեռ շատ կա: Այնուհետեւ նշել է, որ կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությունները կանխարգելող կոնվենցիայի ընդունման հարցում մեր ազգային արժեհամակարգի հետ կապված լուրջ դիտողություններ կան, եւ որոշակի փոփոխություններից հետո կոնվենցիան կընդունվի:



























