Եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը ցանկանան, որպեսզի ես ներգրավված լինեմ մարդու իրավունքների հարցերում, ապա ես մեծագույն լրջությամբ կվերաբերվեմ դրան: Այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը:
Պատասխանելով հարցին, թե Հակոբ Ինջիղուլյանի դեպքից հետո մտավախություն կա, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր կհայտնվեն ադրբեջանական գերության մեջ, կարո են ավելի դաժան կտտանքների ենթարկվել, եւ ինչ քայլեր կարող է ձեռնարկել Եվրախորհուրդը՝ նման վերաբերմունքը բացառելու համար, Նիլս Մույժնիեքսն ասել է. «Անկեղծ ասած՝ ես քիչ բան կարող եմ անել: Միակ տարբերակը, երբ ես կարող եմ ներգրավվել Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերի լուծմանը, այն է, եթե երկու կողմերն էլ ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացում եւ ցանկանան իմ մասնակցությունը: Այդ դեպքում ես կարող են կողմերին օգնել վստահության հաստատման գործում»:
Նա նաեւ հավելել է, որ եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը ցանկանան, որպեսզի ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը ներգրավված լինի, ապա ինքը լրջորեն կվերաբերցի այդ հարցին: «Բայց որքան ես տեղեկացված եմ, ներկայում նման բան չկա»,- ընդգծել է Նիլս Մույժնիեքսը:
ԵԽ պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը բարձրացվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի եւ Գլխավոր դատախազի հետ հանդիպման ընթացքում: «Շուտով ես Ադրբեջան եմ մեկնելու, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա, արդյո՞ք այդ հարցն այնտեղ կբարձրացվի»,- եզրափակել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը:



























