Հոկտեմբերի 9-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին եւ նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց մեր հանրապետությունում անչափահասների եւ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի աշխատանքները արդյունավետ համակարգելու նպատակով իրականացված միջոցառումները, ինչպես եւ պատվիրակությանը հանձնեց վերջին շրջանում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ու տեսանյութերը:
Ընդգծելով ընտանեկան բռնությունների դեմ տարվող աշխատանքի կարեւորությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու գիտակցությամբ է ոստիկանությունում կազմավորվել համապատասխան վարչություն, որին տրվել է բարձր կարգավիճակ: Կառուցվածքային այս փոփոխության դրական արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են:
Ի պատասխան հյուրերի՝ ոլորտի ծառայողների մասնագիտական պատրաստականության վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետը նշեց, որ գործնական պարապմունքներն այդ, ինչպես եւ այլ ոլորտներում ոստիկանությունում պարբերական բնույթ ունեն, իսկ ոստիկանության ակադեմիայում այս օրերին էլ գործում է մասնագիտական դասընթաց՝ եվրոպացի գործընկերների համագործակցությամբ:
Սպառիչ պարզաբանումներ տրվեցին նաեւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների՝ Հայաստանի ոստիկանությունում կանանց ծառայության, նրանց իրավունքների պաշտպանության, մասնագիտական ու ծառայողական առաջընթացի ապահովման վերաբերյալ հարցերին:
Հյուրերը ներկայացրին մեր հանրապետությունում արձանագրված ընտանեկան բռնության մի քանի կոնկրետ դեպքեր, եւ Վլադիմիր Գասպարյանը հաստատեց դրանք խորապես ուսումնասիրելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ոստիկանության հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ եւս:



























