Խորհրդարանական Վեհաժողովը Եվրախորհրդի քաղաքական կառույցներից մեկն է, եւ մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը բացարձակապես անկախ է քաղաքական նման կառույցներից: Այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում» թեմայով զեկույցի նախապատրաստմանն ու Եվրախորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառմանը:
«ԵԽԽՎ անդամներն ինձ են ընտրել, բայց իմ հիմնական դերը նրանց բանավեճերին մասնակցելն է, ինչպես նաեւ իմ ամենամյա զեկույցները ներկայացնելը: Ես ներգրավված չեմ եղել եւ չեմ ուսումնասիրել մարդու իրավունքների խախտումների դեպքերը, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ տեսանկյունից բազմաթիվ հարցերը քաղաքական բնույթ են կրում եւ կապված են անվտանգության հետ, որն իմ մանդատի մեջ չի մտնում»,- ընդգծել է Նիլս Մույժնիեքսը:
Նա հավելել է, որ ներգրավված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրության գործում. այդ դեպքերին վերաբերող զեկույցը կարելի է գտնել Եվրախորհրդի կայքում: «Հույս ունեմ, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իմ մասնագիտական գնահատականը հետաքրքրություն կառաջացնի Հայաստանում: Այդ իրավիճակի հետ կապված իմ գնահատականը կարող է տարբերվել ԵԽԽՎ գնահատականից»,- ամփոփել է Նիլս Մույժնիեքսը:



























