Կանադայի խորհրդարանի անդամներ Հարոլդ Ալբրեխտը եւ Էլեն Լավերդերը, Հայ առաքելական եկեղեցու Կանադական եպիսկոպոսության պրելատ, եպիսկոպոս Մեղրիկ Պարիկյանը, Հալեպի եպիսկոպոսության նախկին պրելատ, արքեպիսկոպոս Սուրեն Քաթարոյանը եւ Կանադայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչները սիրիական Դեր-Զոր քաղաքում թուրքական ուժերի աջակցությամբ «Իսլամական պետության» խմբավորման կողմից հայկական «Սրբոց նահատակաց» եկեղեցու նպատակաուղղված հարձակումը քննարկելու նպատակով Օտտավայում մամուլի համար ճեպազրույց են անցկացրել: Այդ մասին գրում է կանադական «Horizon» շաբաթաթերթը:

Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը նշել է, որ ԻԼԻՊ-ը չի բավարարվում կյանքեր ոչնչացնելով, այն նաեւ ցանկանում է ոչնչացնել պատմություն եւ այլ կրոններ: «Ես այսօր այստեղ կանգնած եմ ոչ միայն որպես կոնսերվատիվ պատգամավոր, ոչ միայն որպես քրիստոնյա: Ես այստեղ կանգնած եմ, որպես մարդ, ով հավատում է բոլոր կրոնների համար ազատ հավատքին: ԻԼԻՊ-ը այնպիսի թիրախներ է ընտրում, որոնք մերժում են իսլամի նրանց խիստ տարբերակը: Սա որեւէ կուսակցությանը վերաբերող հարց չէ: Հավատքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է», -ասել է Հարոլդ Ալբրեխտը: