Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված. Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Այս մասին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսեւորում եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: «Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն եւ շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաեւ պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին եւ Հայաստանի սահմանները: Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները»,-ասել է վարչապետը:

Ամփոփելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը շեշտել է. «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով, ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով»:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունը ոչ միայն հայության, այլեւ համամարդկային խնդիր է, եւ Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպես ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոց: Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու եւ հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարությունը վերականգնելու համար:

Մեր նախնիների հիշատակը, կարծում եմ, պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլեւ մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորությունները Հայրենիքին ի սպաս դնելով: Հզոր Հայաստանով մենք ավելի կմոտեցնենք արդարության հաղթանակի պահը»: