Երեւանի Նուբարաշեն թաղամասում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության գործով վկան՝ Վալերի Օսիպյանի մորաքրոջ որդին՝ Էդուարդ Աբրահամյանը, չի ներկայացել ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն՝ Սմբուլ Հովհաննիսյանի հետ առերեսմանը։ Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանի հարեւանուհին է, որը հայտարարել է, թե փոխոստիկանապետն իր որդուն՝ գործով վկա Սարգիս Հովհաննիսյանին, առաջարկել է ստանձնել կատարվածի մեղավորությունը՝ խոստանալով, որ կօգնի պաժից խուսափել։ Օսիպյանն այս մեղադրանքը հերքել է։

Սմբուլ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առերեսումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 8-ին:

«Մենք որ գնացինք առերեսման, ինքը Վալերի Օսիպյանի խանութի մոտ ճմլված կանգնած էր, ուզում էր ասել՝ մենք մեր հարցերը վաղուց լուծել ենք, դուք գնացեք, մենք չենք գալիս»,-ասաց Սմբուլ Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ դանակահարության դեպքից հետո իր ավագ որդին՝ Սամվել Հովհանիսյանը, Սեդրակ Օսիպյանին տարել է Էդուարդ Աբրահամյանի մոտ, որն էլ որոշ ժամանակ անց Էլ զանգահարել, ասել է, թե Սեդրակ Օսիպյանը փախել է:

«Հաջորդ օրը զանգեց ձեռքի հեռախոսին, ասեց՝ փախել ա Սեդրակը: Բայց Սեդրակի մոտ 150 դրամ չկար, ես եմ խանութի իր պարտքը փակել: Եթե չուներ, ո՞նց փախավ»,-ասաց տիկին Սմբուլը՝ համոզմունք հայտնելով, որ փոխոստիկանապետը տեղյակ է՝ որտեղ է իր եղբորորդին։

Սմբուլ Հովհաննիսյանը պատմեց, որ հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում ինքը հանդիպել է դանակահարված Վանուշ Ալեքսանյանի մորը, որը գնացել էր ցուցմունք տալու:

«Որ տեսա, մոտեցա քննիչին, հիշեցրի, որ դեպքի օրն իր ցուցմունքում էդ կինը նշել էր, որ Սեդրակ Օսիպյանը գնացել, հայհոյել է իրեն, ինչից հետո տղաս մոտեցել է կնոջը, ասել՝ կներես, խմած տղա է: Ո՞նց կարող էր իմ տղան մարդ դանակահարել, եթե ինքը գնում, ներողություն է խնդրում: Մինչեւ այդ դեպքերն էլ իմ տղային կանչել էին, բաժակի մեջ բան էին գցել, թե իբր նարկաման է: Թող Սեդրակի երկու թեւերը նկարեն, գցեն սայթ, եւ ամեն ինչ պարզ կլինի. իր թեւերն ամբողջությամբ քրքրած են»,-ասաց տիկին Սմբուլը:

Տիկին Սմբուլին դեռ չեն ծանուցել հաջորդ առերեսման մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն եւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչից հետո տեղի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակից ստացված վիրավորումով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Հունիսի 3-ին դատարանը բավարարել է Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ է: