Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը տարբեր կարծիքներ են հայտնել: Երեխային այսպես ասած վաճառող կողմը հայտնել է, թե գտնվելով սոցիալապես անապահով վիճակում՝ նրանք մտադիր էին երեխային հանձնել մանկատուն, սակայն ծանոթներից մեկը ասել է, թե տուր քրոջս, երկար տարիներ ամուսնացած են, երեխա չունեն: Այդպես տղամարդը եկել է հիվանդանոց, հայրություն ճանաչել եւ վերցրել նրան հիվանդանոցից:
Երեխային վերցնող կողմը պնդում է, թե երեխայի վաճառքի մասին խոսք չկա, ընդամենը իրենք պետք է հայտնեին իրենց շնորհակալություն: Նրանք պնդում են, որ երեխային չեն գնել, գնելու մտադրություն չեն էլ ունեցել, ուղղակի մի 100 հազար դրամ պետք է տային ի նշան շնորհակալության:
Երեխայի տատը վստահեցնում է, թե պայմանավորվածություն է եղել երեխային 1000 դոլարի դիմաց վաճառելու մասին, սակայն նրանք գումարը չեն տվել: Անընդհատ զանգել են, ասել, որ գումարը տան, բայց իրենց ասել են, թե զբաղված են ուրիշ գործերով, կլինի, կտան:
Նշենք, որ եթե ապացուցվի երեխայի առքուվաճառքի հանգամանքը, ապա դա կատարած անձը կենթարկվի պատասխանատվության:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նորածին թոռնիկին գումարի դիմաց հենց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին. վերջինս երեխային տարել է, սակայն խոստացված գումարը` 1000 դոլարը, դեռ չի տվել: Բնակչուհու աղջիկը ծննդաբերել է դեռեւս սեպտեմբերին` տղա երեխա, սակայն մինչ այդ, երբ նա հղիության 8-րդ ամսում էր, մայրը համաձայնության է եկել ծննդաբերությունից հետո դստեր երեխային վաճառելու հարցի շուրջ` 1000 դոլարի դիմաց: Աղջիկը ծննդաբերել է, գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը` տալով իր ազգանունը ու տարել երեխային, սակայն գումարը չի տվել:


























