Ամերիկացի ոսկերիչ Տիգրան Սարգսյանի հաճախորդների թվում են Չեքի Չանն ու Էլիզաբեթ Թեյլորը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ինքը Տիգրան Սարգսյանը, ով ժամանել է Երեւան «Yerevan Show 2014» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը(AJA), անցկացվում է Երեւանում «Մերիդիան» ցուցասրահում:

Այն հարցին, թե ծանոթ է արդյոք իր հայտնի անվանակցի հետ, ով այժմ նույնպես աշխատում է ԱՄՆ-ում, որպես Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ոսկերիչը(ով նույնպես Հայաստանում է ծնվել), ժպիտով պատասխանել է. «Ես նրան գիտեմ, նա ինձ ոչ: Հնարավոր է, մի օր հանդիպենք»:

Ջեքի Չանի հետ Սարգսյանին ծանոթացրել է բիզնեսի գործընկերը, ով ծանոթ է դերասանին: «Պիկ ժամ 3» ֆիլմի համար, որն էկրան է բարձրացել 2007թ.-ին, Սարգսյանը չինացու համար 3 թվանշանով զարդ է պատրաստել, որը վիշապի տեսք ուներ՝ Ջեքի Չանի սիրած խորհրդանիշերից մեկը: «Ես այն ժամանակ պատրաստեցի մեկական նմուշ նրա եւ ֆիլմում նրա գործընկեր Քրիս Թաքերի համար: Ամերիկյան 4-րդ հեռուստաալիքի եթերում նրանք ցույց տվեցին զարդերն ու ասացին, որ այն հայ է պատրաստել: Իհարկե, հաճելի էր այդ մասին լսել նրանց կողմից»,- պատմել է Սարգսյանը:

Սարգսյանի մեկ այլ հայտնի հաճախորդ է Սամո Հունգը, ով հայտնի է «Չինացի ոստիկանը» բազմասերիանոց ֆիլմից, իսկ 70-ականների սկզբին նկարահանվել էր Բրյուս Լիի «Վիշապի ելույթը» ֆիլմի դրվագում:

Էլիզաբեթ Թեյլորի հետ ծանոթությունը սկսվել է նվերից, որը Սարգսանը նվիրել է 1998թ.-ին՝ կինոաստղի պատկերով մեդալիոն: Այն այնքան է դուր եկել նրան, որ շուտով ապարանջանի պատվեր է ստացել: «Ես մի քանի նմուշներ ցույց տվեցի, նա ընտրեց այն, որը վրա Կլեոպատրան էր պատկերված, ինչպես դասական ժապավենում: Այնտեղ ես պատկերել էի նաեւ նրա հիանալի խաղընկերներին՝ Ռիչարթ Բարթոնին, Ռեքս Հարիսոնին, եւ նրանց ու իր անունը գրել էի եգիտպտական հիերոգլիֆներով: Այդ պահից ի վեր ապարանջանը նրա թալիսմանն է: Մի անգամ, երբ Թեյլորն ինձ իր մոտ հրավիրեց, ինձ պատմեցին, որ ամենուրեք այն նրա հետ է, նույնիսկ եթե չի կրում»,- հավելեց Սարգսյանը:

Ոսկերիչը չի սխալվել նաեւ Էլիզաբեթ Թեյլորի սիրած խորհրդանիշի հարցում՝ 2002թ.-ին նրա 70-ամյակին նա կոբրաներով թեւնոց է պատրաստել: