Հայտնի կինոքննադատ Մարկո Մյուլլերը հեռանում է Հռոմի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մյուլլերը մտադիր է ամբողջությամբ թողնել փառատոնային գործունեությունը, որին նվիրել է իր կյանքի շուրջ 30 տարին:

«Սրանով իմ փորձն ավարտված եմ համարում: Անցած երեք տարիներին ես փորձեցի փառատոնը հարմարեցնել այն պահանջներին, որոնք պարբերաբար ի հայտ էին գալիս: Դա ամենեւին էլ դյուրին չէր: Մենք սկսեցինք կարեւոր փառատոնից, որի ընթացքում խոշոր պրեմիերաներ եւ մեծ անուններ կային, եւ որը ցանկանում էր մրցակցել այլ կինոփառատոնների հետ: Այնուհետեւ մենք աստիճանաբար վերակողմնորոշվեցինք դեպի եվրոպական պրեմիերաներ: Այս տարի վերջնական շրջադարձը տեղի ունեցավ. փառատոնը դարձավ կինոյի տոն»,- Մյուլլերի հայտարարությունն է մեջբերում աղբյուրը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մյուլլերը Հռոմի կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն է դարձել 2012 թվականի մարտին: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի դեկտեմբերին: