Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օրերս հրավիրել են Աշտարակի զինկոմիսարիատ: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի հարազատները հայտնեցին, որ առաջիկա օրերին Հակոբը «Մուրացան» հոսպիտալում բուժզննում է անցնելու, որից հետո էլ կզորակոչվի բանակ:
«Հակոբն այս պահին առողջական որեւէ խնդիր չունի, ամեն ինչ շատ լավ է, համոզված ենք, որ բուժզննումն էլ դա ցույց կտա: Դրանից հետո նա արդեն բանակ կգնա»,- ասաց Հակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը:
Նշենք, որ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո Ինջիղուլյանը հետազոտվել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ինջիղուլյանի մոտ հայտնաբերվել է վեգետատիվ-անոթային դիստոնիա, որը տեւական սթրեսի հետեւանք է: Բացահայտվել է քթի միջնապատի ձեւախեղում եւ շնչառական ֆունկցիայի խախտում: Նաեւ տեսողության հետ կապված խնդիր կան, որոնք սրվել են ապրումների արդյունքում՝ ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ: Բացի այդ, Հակոբ Ինջիղուլյանի մոտ խրոնիկ բրոնխիտ է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարել, եթե ինքը ցանկություն հայտնի Հայաստան վերադառնալ:



























