2017թ ԼՂՀ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին այսօր խոսելն անլուրջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Ես որեւէ քայլ չեմ արել, որ որեւէ մեկը այդպես իրավունք ունենար մտածեր, գտնում եմ, որ այսօր ընդհանրապես անլուրջ է դրա մասին խոսելը»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ընդհանրապես անհավանական է նման բան, թե ուղղակի վաղ է դրա մասին խոսելը, նախկին նախագահն ասաց, որ անհավանական բաներ կյանքում չկան, բայց այսօր անլուրջ է դրա մասին խոսելը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին:

Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի, Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ Ղուկասյանի իշխանության տարիներին Ղարաբաղում բավականին լարված եւ անառողջ մթնոլորտ է եղել: Դրա համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց սրանից իրողությունները չեն փոխվում: Ղուկասյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախագահ դարձավ 1997-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկավ Երեւան եւ նշանակվեց վարչապետ: Այդ ժամանակ Ղուկասյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էր: Որպես նախագահ` նա պաշտոնավարեց մինչեւ 2007-ը: Նրանից հետո ընտրված Բակո Սահակյանի նախագահական երկրորդ ժամկետը լրանում է 2017-ի գարնանը, եւ նա երրորդ անգամ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել»: