Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի՝ «Կարգին Հասոյի» աճյունը ԱՄՆ-ից Հայաստան կտեղափոխեն նոյեմբերի 15-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Անուշ Ղարիբյանը:

Իսկ նոյեմբերի 12-ին Հայաստան կգան նրա հարազատները: Հայաստանում եւս անց է կացվելու սիրված դերասանուհու հոգեհանգստյան արարողությունը: Առաջիկա օրերին պարզ կլինի հոգեհանգստի օրը, վայրը եւ ժամը: Նրան կհուղարկավորեն հոր՝ հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի կողքին Շահումյանում:

Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանը ծնվել է 1980թ, հունիսի 13-ին Երեւանում, նա հայտնի դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է: 1997թ. ավարտել է Երեւանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

Դպրոցական տարիներին սովորել է Երեւանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում եւ Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.:

2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի: Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալաբալանիցա» եւ այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը: