Մամուլում տարածված տեղեկությունը, թե առաջիկայում ՀՀԿ-ն եւ եռյակը կհայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սա ես ասում եմ որպես խորհրդարանական եռյակի ներկայացուցիչ: Մենք իշխանության հետ քաղաքական խորհրդակցություններ չենք անցկացնում»,- ասաց Հակոբյանը:

Ի պատասխան ապագայում իշխանության հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու հավանականության մասին հարցին՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ եթե երկրի ղեկավարությունը սկսի հաշվի նստել երկրում ստեղծված իրավիճակի հետ եւ դրանից դուրս գալու քայլեր ձեռնարկի, ապա խորհրդակցությունները չի կարելի բացառել:  «Սակայն իշխանության դեռ ոչ մի քայլը մենք չենք նկատել», - հավելել է  «Ժառանգություն» խմբակցության նախագահը:  

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում կարող է հայտարարվել  ՀՀԿ-ի եւ եռյակի միջեւ քաղաքական բանակցություններ սկսելու մասին: