Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը, Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը դիարբեքիրցի հայտնի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջը) ուղեկցությամբ ԱՄՆ-ում շրջել են հոլիվուդյան մի քանի կինոստուդիաները։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը հոլիվուդյան կինոստուդիաները շրջելուց հետո նշել է, թե իրենք պատրաստ են աջակցել թուրքական այն ֆիլմերին, որոնք կունեն «Օսկար» մրցանակը շահելուն ուղղված ռազմավարություն։

Լրագրողների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Թուրքիայի մշակույթի նախարարին եւ Անթալիայի քաղաքապետին ուղեկցել է նախարարի կոչով իր ծննդավայր վերադարձած հայտնի հայ երաժիշտ Ուդի Երվանդը։

Նշենք, որ ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն ծնվել է Դիարբեքիրում, սակայն հեռացել էր ԱՄՆ եւ միայն 2013-ին Թուրքիայի մշակույթի նախարարի եւ Դիարբեքիրի քաղաքապետի կոչից հետո է վերադարձել ծննդավայր։