Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հունիսի 27-ին կնոջը խեղդելով սպանած 62-ամյա Ռադիկ Գաբրիելյանի դատավարությունը սկսվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռադիկ Գաբրիելյանը 2014թ. հունիսի 27-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ` Ջուլիետտա Եղիշյանի հետ ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օդտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով խեղդամահ անելու եղանակով սպանել է նրան:
62-ամյա իջեւանցուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նոյեմբերի 13-ին է:




























