Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Օխեդան:

Նախագահը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ կապերի ամրապնդման ու զարգացման, նաեւ այդ նպատակով ս.թ. հուլիսին Ուրուգվայ կատարած Հայաստանի Նախագահի պետական այցի շրջանակներում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, եւ երկրների միջեւ ձեւավորված բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտը, որը հնարավորություն է ընձեռում ակտիվորեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, սերտացնել միջպետական կապերը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակի, նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ուրուգվայական համագործակցության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը հատուկ սեր եւ հարգանք է տածում բարեկամ Ուրուգվայի՝ որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած պետության հանդեպ եւ խորապես երախտապարտ է ցեղասպանությունը վերապրած հազարավոր հայորդիների ապաստան տրամադրելու եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռելու համար:

Դեսպան Խուան Օխեդան նշել է, որ Ուրուգվայում շատ լավ են ճանաչում բարեկամ հայ ժողովրդին եւ բավականաչափ տեղեկացված են Հայաստանի մասին: Նրա հավաստմամբ, մեծ հարգանք վայելող ուրուգվահայ համայնքն իր ներդրումն է կատարում երկրի զարգացման գործում եւ բարեկամության կամուրջ է հանդիսանում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: