Իսպանիայի Նավարայի ինքնավար մարզում խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում  միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան  ցանկացած  ձեւաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար եւ ողջունվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը։

Նավարայի խորհրդարանը իր հայտարարության մասին ծանուցելու է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), Եվրոպական Միությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին եւ Լեռնային Ղարաբաղի նախագահին ու խորհրդարանին:

Հայտարարության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով՝ http://www.parlamentodenavarra.es/57/section.aspx?idnoticia=6038

Խոսնակների խորհուրդը  խորհրդարանական մարմին է, որտեղ խորհրդարանական խմբակցությունները ներկայացված են իրենց խոսնակներով։ Այն մասնակցում է խորհրդարանի կողմից  քաղաքական բանաձեւերի մշակմանն ու ընդունմանը եւ իրավասու է հանդես գալու պաշտոնական հայտարարություններով։