Ճապոնական Nissan կորպորացիան ամերիկյան շուկային շուրջ 53 հազար ավտոմեքենա է հետ կանչում: Պատճառն անվտանգության բարձիկների հետ կապված հնարավոր խնդիրներն են: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հետ կանչվող ավտոմեքենաները թողարկվել են 2003-2006 թվականներին: Դրանցում կարող են թերություններով անվտանգության բարձիկներ տեղադրված լինել, որոնք արտադրել է ճապոնական Takata ընկերությունը: Պարզվել է, որ պատահարի դեպքում բարձիկները կարող են սխալ բացվել, պայթել կամ մեքենայի սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ մետաղի կտորներ նետել: Ակցիան վերաբերում է Nissan Pathfinder, Nissan Sentra, Infiniti FX35, Infiniti FX45, Infiniti I35, Infiniti M35 եւ Infiniti M35 մոդելներին:
Նշված թերության պատճառով, ըստ գործակալության, արդեն չորս մարդ է զոհվել: Մինչեւ հիմա Takata ընկերության արտադրած անորակ անվտանգության բարձիկների պատճառով համաշխարհային առաջատար ավտոկոնցեռնները ստիպված են եղել ԱՄՆ-ում շուրջ 8 մլն ավտոմեքենա հետ կանչել:




























