Նոյեմբերի 9-ին Օմանում մեկնարկել են միջուկային եռակողմ բանակցությունները՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղի աղբյուրներին:
Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ աս-Սաիդն առաջին պետության ղեկավարն էր, ով պաշտոնական այցով մեկնեց Իրան՝ 2013 թվականի օգոստոսին այդ պետության նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի ընտրվելուց անմիջապես հետո: Այդ ժամանակ լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ նա «Վաշինգտոնից ուղերձ է բերել» Թեհրան:
Ներկայում բանակցային գործընթացում հիմնական տարաձայնությունները վերաբերում են ուրանի հարստացման ցենտրիֆուգների քանակին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԻԻՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման կարգին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի կեսերին գաղտնի նամակ էր ուղարկել Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին: Նամակում Օբաման ընդգծել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Իրանի ցանկացած աջակցություն կնպաստի Թեհրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ միջազգային գերտերությունների հետ համակողմանի համաձայնության ձեռքբերմանը:




























