Հարավային Կորեան եւ Չինաստանը ազատ առեւտրի մասին խոշոր պայմանագիր են ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարության ներկայացուցչին:

Համապատասխան փաստաթուղթը, ըստ աղբյուրի, ստորագրվել էր նոյեմբերի 10-ին: Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կողմերը պարտավորվել են համաձայնեցնել փաստաթղթի մանրամասները: Համաձայնագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված է հաջորդ տարեսկզբին:

Համաձայնագիրը վերաբերում է առեւտրի, ծառայությունների, ներդրումների, ֆինանսների, կապի եւ այլ բնագավառներին: Տվյալ փուլում երկրները համաձայնել են ցանկից բացառել բրնձի մատակարաումները, որը կորեացիների եւ չինացիների հիմնական սննդամթերքն է: 

Սա Հարավային Կորեայի համար 13-րդ առեւտրային համաձայնագիրն է, որը միաժամանակ կդառնա նաեւ ամենախոշորը: Հարավկորեացի փորձագետները եւ կառավարության ներկայացուցիչները վստահ են, որ փաստաթուղթը կապահովի երկու երկրների աշխույժ տնտեսական զարգացումը:

Չինաստանը Կորեայի Հանրապետության առեւտրային խոշորագույն գործընկերն է: Ըստ 2013թ. արդյունքների՝  հարավկորեական արտահանման 26,05%-ը բաժին է ընկնում Չինաստանին: