Գերմանական ավտոարտադրող Volkswagen-ը որոշել է 2 տարով կրճատել իր մոդելների կյանքի տեւողությունը՝ 7-ից հասցնելով մինչեւ 5 տարի: Ավտոմեքենաների թարմացման պարբերաշրջանի արագացումը պայմանավորված է հաճախորդների հարափոփոխ պահանջներով, հայտնում է Auto News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ յուրaքանչյուր մոդել, երեք տարի անց կանցնի վերաոճավորում, իսկ 5-րդ տարում կփոխվի: Դեռեւս հայտնի չէ՝ Volkswagen Group-ի մյուս բրենդները այդ նույն ռազմավարությունը կկիրառե՞ն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Volkswagen-ը հաստատել է բյուջետային սուբբրենդի ստեղծման ծրագիրը: Նոր բրենդի շրջանակներում թողարկված առաջին մոդելը  լույս կտեսնի 2016թ.: Ավտոմեքենան կարժենա 10 հազար դոլարից ոչ ավելի: Նոր բրենդը կգործարկվի Չինաստանում, ավտոմեքենաները կվաճառվեն ինչպես արտադրող երկրում, այնպես էլ մյուս զարգացող շուկաներում: