Ես զարմացած եմ, որ Վահրամ Բաղդասարյանը տեղեկություն ունի, թե ընդդիմադիր պատգամավորները ֆինանսավորվում են ալիեւյան նավթադոլարներով, իսկ ՀՀ ԱԱԾ-ն այդ մասին կամ չգիտի կամ էլ հետաքրքրված չէ ԱԺ նախորդ  քառօրյային արված նրա հայտարարությամբ, նոյեմբերի 10-ին խորհրդարանի նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ավելի վաղ հնչած հարցին:  

Փաշինյանն ԱԱԾ-ին կոչ է արել զբաղվել Բաղդասարյանի հայտարարությամբ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ դավաճաններին բացահայտելու համար: «Թող հայտնաբերի ալիեւյան նավթադոլարներով ֆինանսավորվող պատգամավորներին, եթե այդպիսիք կան, ապա նրանց գործունեությունը պետք է բացահայտվի: Իսկ եթե պարզվի , որ այս դահլիճում նման մարդիկ չկան, ապա  ստիպված  գրանցելու ենք, որ Հայաստանի իշխանությունների համար Ալիեւը  «մշուշ է», որի քողի տակ կատարում են իրենց  «մութ գործերը»: Պատգամավորը նաեւ նշել է, որ հետեւողական կլինի այդ հարցում: 

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վահրամ Բաղդասարյանն ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել էր  Ադրբեջանին ծախված լինելու մեջ: «Ամեն անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպման նախօրեին  խորհրդարանի նիստերի դահլիճում սկսում է ադրբեջանական նավթադոլարների հոտ գալ»: Բաղդասարյանի խոսքն ընդհատել էին դահլիճում նստած  ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը: Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կարգի էր հրավիրել: