Ռուբլով եւ յուանով փոխհաշվարկների անցնելը կհանգեցնի համաշխարհային տնտեսությունում դոլարի դերի նվազմանը: Այս մասին, ըստ LifeNews-ի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽՏՀ-ի գագաթաժողովում իր ելույթի ժամանակ: Սա, ըստ նրա, թույլ կտա ընդլայնել երկու երկրների տնտեսական հնարավորությունները եւ զգալիորեն ազդել շուկաների վրա, այդ թվում՝ ֆինանսական եւ էներգետիկ:
«Եթե մենք անցում կատարենք ռուբլով եւ յուանով փոխհաշվարկների, համաշխարհային տնտեսությունում դոլարի ազդեցությունը կնվազի: Սա վատ չէ ոչ համաշխարհային տնտեսության, ոչ էլ դոլարի համար: Որքան բազմաբնույթ լինեն հաշվարկների հնարավորություններն այդ բնագավառում, այնքան ավելի մեծ կայունություն կլինի նաեւ համաշխարհային ֆինանսներում եւ համաշխարհային էներգետիկայում: Վերջին հաշվով դա բարենպաստ կազդի նաեւ դոլարի վրա՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ Պեկինում ընթանում է ԱԽՏՀ-ի տնտեսությունների առաջնորդների երկօրյա հանդիպումը:



























